ԱՄՆ հաստատել է Վրաստանին աջակցող օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Վրաստանին աջակցող օրինագիծը։ Այն ստացել է երկկուսակցական լիակատար աջակցություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ ԱԳՆ-ի՝ օրինագծի քննարկման ժամանակ վերահաստատվել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Վրաստանին, հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ֆոնին։

Ամերիկացի գործընկերներն ընդգծել են, որ Վրաստանի կողքին լինելն ու հարաբերությունների հետագա խորացումը այսօր կենսական նշանակություն ունեն։

Նախարարության տվյալներով՝ այս փաստաթուղթն օրենքի վերածելու հաջորդ քայլը օրինագծի հաստատումն է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, որից հետո օրինագիծը կուղարկվի ԱՄՆ Սենատ՝ հետագա հաստատման համար։