Սեղանի թենիսի առաջնություն՝ Նինոծմինդայի սպորտդպրոցում. լուսանկարներ

Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ քաղաքի սպորտդպրոցի մարզադահլիճում անցկացվել է սեղանի թենիսի առաջնություն։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-յան էջից:

Նշվում է, որ այս տարի խաղին մասնակցել է տարբեր տարիքի, ավելի քան 200 աշակերտ՝ մունիցիպալիտետի 16 գյուղերի հանրակրթական դպրոցներից։

Մրցաշարի գավաթակիր է դարձել Օրոջալարի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը  հավասար ուժերով կիսել են՝ Ժդանովականի և Սպասովկայի  դպրոցների թիմերը:

Ըստ տեղեկության՝ մրցույթին աչքի ընկնող մարզիկները քաղաքապետարանի կողմից  պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով, հավաստագրերով և հուշանվերներով։ 

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի ղեկավար Լևոն Վարդանյանը հայտարարել է, որ նման մրցաշարերն աստիճանաբար ընդգրկելու են մունիցիպալիտետի բոլոր դպրոցները։

Նշենք նաև, որ խաղին ներկա են գտնվել Նինոծմինդայի քաղաքապետի տեղակալ Արմեն Բդոյանը, մշակույթի կենտրոնի աշխատակիցները և մարզադպրոցի  ներկայացուցիչները։