ԿԳՆ-ը դպրոցներին նոր առաջարկություններ է ուղարկել

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի դպրոցներում սկսվում է նոր ուսումնական տարին։ Հաշվի առնելով երկրում բարելավված համաճարակաբանական իրավիճակը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ), առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, նորացված առաջարկություններ է մշակել դպրոցների համար, հայտնում է ԿԳՆ-ը:

Առաջարկությունների համաձայն՝ չեղարկվել է դեզոբարիերով (ոտքերի ախտահանիչ հարմարանք) դպրոցի շենք մտնելու, ջերմային զննում անցնելու և պարտադիր դիմակ կրելու պարտավորությունը։

Կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած աշխատակիցները պետք է 10 օր ինքնամեկուսացում անցնեն: Բացի այդ, դիմակ կրելը նպատակահարմար է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ աշխատող մասնագետների համար, եթե նրանց աշխատանքը պահանջում է աշակերտի հետ առերես շփում 1 մետրից պակաս հեռավորության վրա։

Նոր ուսումնական տարվանից կհանվի դասարաններում և միջանցքներում աշակերտների միջև մեկ մետր հեռավորություն պահպանելու և հիբրիդային ուսուցման ներդրման պարտավորությունը՝ աշակերտներին հերթափոխով վերաբաշխելու կամ դասացուցակը թեթևացնելու նպատակով։

2022-2023 ուսումնական տարվանից հեռավար ուսուցում ընտրելու հնարավորություն կունենան միայն այն աշակերտները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ռիսկային խմբում են՝ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքի և ծնողի դիմումի հիման վրա:

COVID-19-ի հայտնաբերման դեպքում վիրուսի ներքին տարածումը կանխելու նպատակով դպրոցի ուսուցիչը/աշխատակիցը և/կամ աշակերտը կենթարկվեն ինքնամեկուսացման՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված ժամկետով։

Հարկ է նշել, որ այն անձինք, ովքեր շփվել են COVID-19 հաստատված անձանց հետ, այլևս չեն ենթարկվի կարանտինի։ Ուստի վիրուսի հայտնաբերման դեպքում դպրոցները չեն ենթարկվի կետային սահմանափակումների, ինչը կնշանակեր անցում կատարել առանձին դասարանների կամ դպրոցների ամբողջովին հեռավար ուսուցման մոդելի։ Բացի այդ, նոր ուսումնական տարվանից դպրոցները երկու շաբաթը մեկ ուսուցիչների պարտադիր ստուգում անցկացնելու պարտավորություն չեն ունենա։

Թարմացված առաջարկությունները նախատեսում են նաև դպրոցի տարածքում սննդի օբյեկտների և դպրոցական շրջանակների սահմանափակումների վերացում։ Ըստ այդմ, 2022-2023 ուսումնական տարվանից Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կվերականգնվի դպրոցական բուֆետների և դպրոցական շրջանակների գործունեությունը։