ՆԱՏՕ-ն զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան․ Մոսկվան անհանգստացած է

«Վրաստանում անցկացված «Արժանի գործընկեր 2022» զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ն Եվրոպայից ծանր զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան», — ռուսական «ՌԻԱ Նովոստի» պարբերականին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Գոնչարը նշել է, որ զորավարժությունների շրջանակներում դաշինքի ծանր զինտեխնիկայի տեղափոխումը Եվրոպայից Վրաստան այս անգամ իրականցվել է ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով:

Նրա խոսքով, Մոսկվան տեսնում է Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու շարունակական ընթացքը և դրան ուղեկցող ակտիվությունը, այդ թվում՝ երկիրը ժամանակակից զինատեսակներով զինելու և Վրաստանի տարածքում ԱՄՆ-ի և դաշինքի երկրների մասնակցությամբ կանոնավոր զորավարժություններ անցկացնելու միջոցով։

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի՝ Մոսկվան ուշադրություն է հրավիրում փաստի վրա՝ ընդգծելով, որ սա ոչ միայն մարտահրավեր է Ռուսաստանի և ՌԴ-ի դաշնակիցների շահերին, այլ նաև լուրջ սպառնալիք Հարավային Կովկասի կայունության և անվտանգության համար:

«Վրաստանին էական աջակցության կողմնակիցները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության չափը և հասկանան, որ մենք ամենալուրջ կերպով հաշվի ենք առնելու Թբիլիսիի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զարգացման հիմնարար պահերը»,- հավելել է Գոնչարը։

Ցխինվալիին մտահոգում են Վրաստանում լայնածավալ զորավարժությունները