Հրաժարական է տվել նաև Աբխազիայի դե ֆակտո փոխնախագահը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո, պաշտոնից հրաժարվել է նաև փոխնախագահ Ասլան Բարցիցին: Տեղի պարբերականների հաղորդմամբ, Բարցիցին որոշում է կայացրել՝  «ելնելով սահմանադրությունից»:

Ռուսական պետական լրատվամիջոցը՝ հիմնվելով Աբխազիայի դե ֆակտո փոխնախագահի հայտարարության վրա, գրում է, թե «Ռաուլ Խաջիմբան նախագահական ընտրություններին չի պատրաստվում մասնակցել»: Բացի այդ, նշվում է, որ Խաջիմբան չի պատրաստվում նաև դուրս գալ Աբխազիայի տարածքից:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը բողոքի ակցիաների շարք է սկսել: Օրեր առաջ ընդդիմադիրները Սոխումիում ներխուժել էին դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր: Խաջիմբան, ով ի պատասխան ասել էր, թե հրաժարականի մտադրություն չունի ու չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելը, այսօր արդեն հայտնել է, որ հրաժարական է տալիս:

Ուրբաթ օրը Աբխազիայի դե ֆակտո գերագույն դատարանը չեղարկել էր 2019-ի սեպտեմբերի ընտրությունների արդյունքները, ավելի ուշ ԿԸՀ-ն մարտի 22-ին նոր ընտրություններ էր նշանակել: Ընտրություններն իրավաբանորեն կոչվում են կրկնակի, սակայն կարող են մասնակցել նաև նոր թեկնածուներ: