Որպեսզի արյունահեղություն չլինի. Աբխազիայի դե ֆակտո նախագահը հրաժարական տվեց

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում իրավիճակը կրկին լարված է:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը բողոքի ակցիաների շարք է սկսել: Օրեր առաջ ընդդիմադիրները Սոխումիում ներխուժել էին դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր:

Նրանք պահանջում էին Խաջիմբայի հրաժարականը և նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում։

Խաջիմբան, ով ի պատասխան ասել էր, թե հրաժարականի մտադրություն չունի ու չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելը, այսօր արդեն հայտնել է, որ հրաժարական է տալիս.

«Այո, հանուն այն բանի, որ արյունահեղություն չլինի, հանուն նրա, որ պետությունում գոնե ինչ-որ կայունություն լինի, նա որոշում է հրաժարական տալ»,- նրա տեղակալ Ասլան Բարցիցի խոսքերը մեջբերում է ռուսական ՌԻԱ նովոստի լրատվականը:

Նա ասել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, իսկ ինչ վերաբերում է Խաջիմբայի՝ ընտրություններին հնարավոր մասնակցությանը, իրենք դեռևս որոշում չեն կայացրել: Բարցիցի խոսքով՝ Աբխազիա է ժամանել նաև ՌԴ-ի առաջնորդի օգնական Վլադիսլավ Սուրկովը՝ իրավիճակը հարթելու համար:

Ուրբաթ օրը Աբխազիայի դե ֆակտո գերագույն դատարանը չեղարկել էր 2019-ի սեպտեմբերի ընտրությունների արդյունքները, ավելի ուշ ԿԸՀ-ն մարտի 22-ին նոր ընտրություններ էր նշանակել: Ընտրություններն իրավաբանորեն կոչվում են կրկնակի, սակայն կարող են մասնակցել նաև նոր թեկնածուներ: