Հին նոր թեկնածուն. Դավիթ Ուսուփաշվիլի

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու ուղիղ կարգով նախագահ ընտրել: Այսուհետ նախագահին ընտրելու է խորհրդարանը:

Ընտրություններին ընդառաջ, «Ալիք մեդիան» ներկայացնելու է այն 5 թեկնածուներին և նրանց ծրագրերը, որոնք, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն: Մնացածի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների՝ ցածր է 2 տոկոսից: Այսպիսով՝ ներկայացնում ենք հետևյալ թեկնածուներին. Զուրաբ ՋափարիձեԳրիգոլ ՎաշաձեԴավիթ Բաքրաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Շալվա Նաթելաշվիլի և Դավիթ Ուսուփաշվիլի:

«Նախագահ դառնալու դեպքում Սաակաշվիլիին քաղաքացիություն չեմ տա, փորձելու եմ Վրաստանից հեռացած քաղաքացիներին հետ վերադարձնել, համաներումն այսքան հաճախակի չի լինելու, 2020 թվականին համամասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն», — ահա այսպիսի հայտարարություններով է նախընտրական քարոզարշավի ժամանակ աչքի ընկել նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլին, որի մասին էլ այսօր կպատմենք։

Երիտասարդ Դավիթ Ուսուփաշվիլին

Դավիթ Ուսուփաշվիլին ծնվել է 1968 թվականին Մաղարոյում: 1992 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին աշխատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական բաժնում: 1993-1995 թվականներին մասնակցել է երկրի Սահմանադրության ստեղծման աշխատանքներին, եղել է սահմանադրական հանձնաժողովի անդամ: 1994 թվականին մի շարք երիտասարդ համախոհների հետ մեկտեղ հիմնել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը հետագայում դարձավ երկրի առաջատար՝ իրավաբանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունը: Ուսուփաշվիլին այս ՀԿ-ի առաջին ղեկավարն է եղել: 2005-2013 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: 2012 թվականին Ուսուփաշվիլին, որպես մեծամասնական թեկնածու, Սաբուրթալոյում հավաքելով ձայների 66.09 տոկոսն անցել է խորհրդարան և ընտրվել խորհրդարանի խոսնակ:

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին

2012 թվականի իշխանափոխության ժամանակ Ուսուփաշվիլին «Վրացական երազանք» դաշինքի առաջատար դեմքերից էր: Իշխանափոխությունից հետո դաշինքն աստիճանաբար փլուզվեց: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում դաշինքի անդամ բոլոր կուսակցություններն առանձին-առանձին մասնակցեցին ընտրություններին: «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմեց, իսկ մնացած բոլոր ուժերը խորհրդարան չանցան: Այդ թվում էր նաև Ուսուփաշվիլին՝ Հանրապետական կուսակցությունով: Ընտրություններից հետո Ուսուփաշվիլին մի խումբ համակիրների հետ լքեց հանրապետականների շարքերն ու նոր կուսակցություն հիմնեց՝ «Կառուցման շարժում»:

Ուսուփաշվիլին մասնակցում է նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի քարոզարշավին. 2013 թվական

Ուսուփաշվիլին Սաակաշվիլիի իշխանության դեմ պայքարող անկյունաքարային անձանցից էր: Իշխանափոխությունից հետո նա շարունակ քննադատում էր «Միացյալ ազգային շարժմանը», սակայն զերծ չէր մնում նաև խոսել գործող իշխանությունների սխալների մասին: Օրինակ, երբ Վրաստանի վարչապետն էր «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Ուսուփաշվիլին հայտարարում էր, որ գործող իշխանությունները մի շարք սխալներ են թույլ տալիս, այդ թվում՝ շատ են կենտրոնանում Սաակաշվիլիի կառավարման 9 տարիների վրա:

Ուսուփաշվիլին նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հատուկ շեշտադրություն է արել, որ Սաակաշվիլիին քաղաքացիություն չի տալու: Ի դեպ, Ուսուփաշվիլիին եթեր չի տրամադրում Սաակաշվիլիին սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Այսպիսով, Ուսուփաշվիլիի հիմնական խոստումներն են.

  • Ստեղծել պետություն, որտեղ քաղաքացիները բաժանված են քաղաքական կուսակցությունների, բանավիճում են, սակայն նրանց բոլորին համախմբում է պետությունը:
  • Դադարեցնել ամոթալի ու երկրին վնասող իրավիճակը, երբ նախագահը, վարչապետն ու ընդդիմությունը չեն համագործակցում: Ակտիվ լինել միջազգային հարաբերություններում՝ համաձայնեցնելով իշխանության ու ընդդիմության հետ:
  • Վերադարձնել երկրից հեռացած հարյուր հազարավոր վրաստանցիներին: Նախկինում Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձանց հնարավորություն տալ ցանկության դեպքում վերականգնել քաղաքացիությունը։
  • Սկզբունքայնություն Վրաստանի նախկին նախագահի, նախկին վարչապետի, խորհրդարանի նախկին խոսնակի հարցում: Եթե նրանք հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից, այն երբեք չենք վերականգնի: Երբեք քաղաքացիություն չտալ Միխեիլ Սաակաշվիլիին:

«Վրաստանին հարկավոր է նախագահ։ Նախագահ, որը կմիավորի երկիրն ու կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները, դա կկարողանա անել գործադիր իշխանությունից զերծ ու անկողմնակալ քաղաքականություն վարող անձը»,- ասում է Ուսուփաշվիլին:

Ուսուփաշվիլիի կարգախոսն է՝ «Կարող ենք ավելին», ընտրահամարը՝ 25: