Օրբելի եղբայրներին ներկայացնելու կարիք կա մշտապես. Թբիլիսիում գիտնականներին նվիրված միջոցառումներ են

Թբիլիսիում են Օրբելի եղբայրների թանգարանի ներկայացուցիչները: Երկօրյա այցի շրջանակներում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում թանգարանի գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը հետաքրքրված թբիլիսահայերին ներկայացրեց Օրբելի եղբայրների կյանքը, ուշագրավ հիշողություններ նրանց կյանքից՝ տալով եղբայրների ընդհանուր նկարագիրը: Նա նշում է, որ Օրբելի եղբայրներին Թբիլիսիում և ամենուր ներկայացնելու կարիքը կա մշտապես:

«Վաղը ուսանողների հետ կխոսենք այն մասին, թե ինչպես երեք եղբայրները բավական երիտասարդ տարիքից կարողացան իրենց մեջ պահել այդ ձգտումը՝ դառնալու՝ ինչպես իրենց հայրն է ասում՝ նշանավոր մարդիկ՝ փառք ու պատիվ բերելով իրենց ազգին: Մենք փորձում ենք բոլորին ներկայացնել մեր Օրբելի եղբայրներին, իսկ թիֆլիսահայությանն առավելապես, որովհետև, ճիշտ է եղբայրներից և ոչ մեկը չի ծնվել Թբիլիսիում (Ռուբենը՝ Նախիջևանում, Լևոնը՝ Ծաղկաձորում, Հովսեփը՝ Քութայիսիում), սակայն Թբիլիսին դարձավ այն բարերար միջավայրը, որտեղ եղբայրները, կարելի է ասել, դաստիարակություն ստացան, ինչն ամբողջ կյանքում դարձավ ուղեկից։ Ուստի, ինչ-որ տեղ մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել թբիլիսահայությանը՝ կազմակերպելով նման այցելություններ»,— «Ալիք մեդիային» ասում է Գերասիմ Մկրտչյանը:

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում հյուրերը կսպասեն ուսանողներին՝ նրանց ներկայացնելու Օրբելի եղբայրների գիտական, հասարակական գործունեության և նրանց՝ գիտության, մշակույթի և համամարդկային առաջընթացի մեջ ունեցած մեծ վաստակը, նաև կցուցադրվի եղբայրների մասին պատմող փաստագրական ֆիլմ։

Հայաստանյան Ծաղկաձոր քաղաքում արդեն 36 տարի է գործում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը. այս տարիների ընթացքում ձեռք են բերվել և  այստեղ կետրոնացվել նրանց կյանքին ու գիտական գործունեությանը վերաբերող բազմաթիվ նյութեր, դրանք ցուցադրվում են 6 ցուցասրահում: Թանգարանի կողմից նախաձեռնվել և հրատարակվել է նաև եղբայրների ընտանեկան նամակագրությունը, որոնցից կարելի է նաև 20-րդ դարի թիֆլիսահայության կյանքին ու կենցաղին վերաբերող տեղեկություններ քաղել, ռուսերենից թարգմանվել և առանձին հրատարակությամբ ներկայացվել է նաև Հովսեփ Օրբելու շախմատի մասին գիրքը, երրորդ գիրքը Գերասիմ Մկրտչյանն անակնկալ է համարում ընթերցողների համար, այն երրորդ եղբոր՝ Ռուբեն Օրբելու աշխատանքներն են, վերջինս համարվում է աշխարհում ստորջրյա հնագիտության հիմնադիրը: Գրքում նա տեսականորեն և մեթոդապես ներկայացնում է ստորջրյա հնագիտություն առարկան:

Թանգարանի ներկայացուցիչները եղբայրներին վերաբերող գրքերն ու մեծաքանակ նյութեր են բերել, որոնք ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին այցելուներին: Թանգարանի ներկայացուցիչները Թբիլիսիում Օրբելի եղբայրներին ներկայացնելու առիթը բաց չեն թողնում, հիշեցնենք՝ Վրաստանի գրողների միության հրավերով նրանք Թբիլիսիում էին նաև Շոթա Ռուսթավելիի 850-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում:

Աննա Պեչենևսկայա

Լիզա Թորոսյան