Պայքարելու ենք նրանց դեմ` ամենուր. «ՄԱՇ»-ը խորհրդարան կմտնի

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարան կմտնի: Համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի նիստում: Չնայած խորհրդարան մտնելու որոշմանը` երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը  հրաժարվել է միանալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկած համաձայնագրին:

«ՄԱՇ»-ի առաջնորդ Նիկա Մելիայի  գնահատմամբ` համաձայնագրի կետերից մեկը կուսակցության համար «կտրականապես անընդունելի է»: Քաղաքական գործիչը չի նշել, մանրամասնել` որ կետն է քննարկվել:

Ինչ վերաբերում է խորհրդարան մտնելու հարցին, ապա, ըստ Մելիայի, սա ամենաճիշտ որոշումն է, որ կուսակցությունը կարող էր ընդունել: Նա գտնում է, որ իշխող կուսակցությունը «չպետք է որևէ տեղ հարմարավետության գոտի ունենա` ներառյալ խորհրդարանում»:

«Մենք պայքարելու ենք նրանց հետ` ամենուր, լինի դա խորհրդարանական նիստերի դահլիճ, հանձնաժողովի դահլիճներ, հրապարակներ, փողոցներ, գյուղում, տարածաշրջանում, լեռներում, ձորերում, ամենուր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմություն կունենա», — ասել է Մելիան:

«ՄԱՇ»-ը խորհրդարան մտնելու հարցով խորհրդակցություններ է սկսել Նիկա Մելիայի` բանտից դուրս գալուց հետո: Վերջերս Մելիան շրջաններում հանդիպել է կուսակցության` տեղի առաջնորդների հետ, նաև Կիև է մեկնել, հանդիպել Վրաստանի 3-րդ նախագահ, «ՄԱՇ»-ի հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի հետ: