Նախկինների թեկնածուն. Գրիգոլ Վաշաձե

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու նախագահ ընտրել: Այսուհետ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրություններին ընդառաջ, «Ալիք մեդիան» ներկայացնելու է այն 5 թեկնածուներին և նրանց ծրագրերը, որոնք, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն: Մնացածի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների՝ ցածր է 2 տոկոսից: Այսպիսով՝ ներկայացնելու ենք հետևյալ թեկնածուներին. Զուրաբ Ջափարիձե, Գրիգոլ Վաշաձե, Դավիթ Բաքրաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Շալվա Նաթելաշվիլի և Դավիթ Ուսուփաշվիլի:

Գրիգոլ Վաշաձեն համարվում է երկրի գլխավոր ընդդիմության՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ: Վաշաձեն ընդդիմադիր մի շարք կուսակցություններից կազմված «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախագահի թեկնածուն է: Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների՝ այս պահին նա հանրության վստահությունը վայելող երկրորդ ուժն է՝ իշխանության կողմից սատարվող Սալոմե Զուրաբիշվիլիից հետո, իսկ որոշ՝ մասնավորապես «Միացյալ ազգային շարժմանը» սատարող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով արված  հետազոտությունների համաձայն՝ առաջին տեղում է:

Լուսանկարը՝ Վրաստանի ազգայի արխիվից. 1988 թվական

Գրիգոլ Նոդարի Վաշաձեն ծնվել է 1958 թվականին, Թբիլիսիում: 1981 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1981-1988 թվականներին աշխատել է Խորհրդային միության արտաքին գործերի նախարարությունում, նախ՝ միջազգային կազմակերպությունների, ապա տիեզերքի և ատոմային զինվածության բաժնում: 1990-2008 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով, իսկ 2008 թվականին նորից վերադարձել է պետական ծառայության և դեկտեմբերի 6-ին նշանակվել Վրաստանի արտաքին գործերի նախարար: Պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012 թվականը:

2012 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, «Միացյալ ազգային շարժումը», որի անդամ է նաև Վաշաձեն, դարձավ երկրի համար մեկ ընդդիմադիր ուժը: Կուսակցությունը անհաջող արդյունքներ գրանցեց 2013 թվականի նախագահական ընտրություններում, այդ ժամանակ թեկնածուն Դավիթ Բաքրաձեն էր, ով մի խումբ համակիրների հետ միասին 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հեռացան կուսակցությունից և հիմնեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Մեր հաջորդ հոդվածը հենց Բաքրաձեի մասին է լինելու:

Վաշաձեն՝ երիտասարդների հետ հանդիպմանը քննարկում է կրթությանը վերաբերող հարցեր և ներկայացնում իր տեսլականները
Գրիգոլ Վաշաձեն և Զաալ Ուդումաշվիլին. մամուլի ասուլիս՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ. 2017 թ․

Վաշաձեն պարտվեց նաև 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում: Նա Քութայիսիի մեծամասնական տարածքում երկրորդ տեղը գրավեց, զիջելով իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուին: Ավելի ուշ, արդեն 2017 թվականի ՏԻՄ ընտրություններում, նա գլխավորում էր Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլիի ընտրական շտաբը: Կուսակցությունն այս ընտրություններում ևս պարտվեց, իսկ քաղաքապետի թեկնածուն ձայների քանակով երրորդ տեղում էր՝ Կախա Կալաձեից և Ալեկո Էլիսաշվիլիից հետո:

Սույն թվականի հուլիսին պարզ դարձավ, որ տասը ընդդիմադիր ուժեր դաշինք են հիմնել («Ուժը միասնության մեջ է»), իսկ նախագահի թեկնածուն լինելու է հենց Վաշաձեն: Եվ երբ թեկնածուները վերջնականապես պարզ դարձան, իշխող երկու հիմնական ուժերը միմյանց մեղադրեցին ռուսամետության մեջ: Նախ, Վաշաձեի նախկին հարցազրույցներից տեսանյութեր տարածվեցին: 2008 թվականին տված հարցազրույցներից մեկում Վաշաձեն ասում է, որ պատերազմը Հարավային Օսիայի արկածներն են և Ռուսաստանը նախապես չի իմացել այդ ամենի մասին: Հետո նույնպես հարցազրույցից մի կտոր տարածվեց, որտեղ նա խոսում է ռուսական մշակույթի և Ռուսաստանում ստացած իր կրթության մասին: Դրանից հետո, «հարձակում» եղավ իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի վրա: Համացանցում տարածվեց Զուրաբիշվիլիի հարցազրույցը Տաբուլա լրատվականին, որտեղ նա ասում է, որ իր համար ամենապրոֆեսիոնալ դիվանագետը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Զուրաբիշվիլին նաև հայտարարել էր, թե 2008 թվականի պատերազմը սկսել է Վրաստանը: Միմյանց հանդեպ մեղադրանքները շարունակում են մինչ օրս:

Վաշաձեն Ախալքալաքում. հանդիպում ընտրողների հետ. 2018 թ.

Վաշաձեն նախընտրական քարոզարշավը սկսել է Սամեգրելոյից՝ փախստականների համար նախատեսված թաղամասից: Նրա նախընտրական ծրագիրն ամբողջությամբ հասանելի չէ: Հարցազրույցներում Վաշաձեն բազմիցս է հայտարարել, որ բարձրացնելու է կենսաթոշակները, խոսել է էկոլոգիական խնդիրների մասին, ուշադրություն է դարձրել կանանց՝ պետական կառավարման համակարգում ներգրավվածության խնդիրներին, ավելի հստակ խոսել է կրթության ոլորտի մասին: Նրա խոսքով, երկու անգամ ավելացվել է կրթության բյուջեն, տեղի է ունենալու ապակենտրոնացում, ուսուցիչների աշխատավարձերը 1000 լարի են լինելու: Վաշաձեն փորձում է էլեկտորատի սիրտը շահել նաև մարիխուանայի ազատականացման վերաբերյալ նեգատիվ գնահատականներով: Չնայած, պնդում է, որ թմրանյութերի վերաբերյալ քաղաքականությունը պետք է բարեփոխվի: Նրա խոսքով, պետք է վերականգնողական ծրագրեր իրականացնել թմրամոլների համար: «Պարզվում է՝ մարդը կարող է հանգստալ այնպես, ինչպես ցանկանում է: Հարց ունեմ Սահմանադրական դատարանին՝ պեդոֆիլը նույնպե՞ս կարող է հանգստանալ ինչպես ցանկանում է»,- հայտարարել է Վաշաձեն՝ անդրադառնալով մարիխուանայի օրինականացմանը:

Իր հերթին, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է. Վաշաձեն Վրաստանի ապագա նախագահն է: «Մենք՝ վրաց ժողովուրդս, անպայման կհաղթենք: Գաղափարը պարտության կմատնի գումարին, ճիշտը՝ սխալին և բարին՝ չարին»,- պնդում է Սաակաշվիլին:

Վաշաձեի ընտրական համարը 5-ն է: Հիմնական կարգախոսը՝ միասին կփոխենք Վրաստանը: