Նախկինների նախկին թեկնածուն. Դավիթ Բաքրաձե

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու ուղիղ կարգով նախագահ ընտրել: Այսուհետ նախագահին ընտրելու է խորհրդարանը:

Ընտրություններին ընդառաջ, «Ալիք մեդիան» ներկայացնելու է այն 5 թեկնածուներին և նրանց ծրագրերը, որոնք, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն: Մնացածի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների՝ ցածր է 2 տոկոսից: Այսպիսով՝ ներկայացնելու ենք հետևյալ թեկնածուներին. Զուրաբ Ջափարիձե, Գրիգոլ Վաշաձե, Դավիթ Բաքրաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Շալվա Նաթելաշվիլի և Դավիթ Ուսուփաշվիլի:

Դավիթ Բաքրաձեն համարվում է Վրաստանում ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Նախագահական այս ընտրություններում նա ֆավորիտներից մեկն է: Այսպես, Ռուսթավի 2 հեռուստաընկերության պատվերով արված սոցհարցման համաձայն՝ հարցվածների 18 տոկոսը աջակցում է Բաքրաձեին: Հետազոտության համաձայն Բաքրաձեն երկրորդ տեղում է Գրիգոլ Վաշաձեից հետո և առաջ է անցնում իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիից: Մինչդեռ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի, հետազոտության համաձայն, որը անց էր կացվել օգոստոսին, բնակչության ընդամենը 6 տոկոսն է պատրաստվում քվեարկել Բաքրաձեի օգտին: Նշված հարցումներով Բաքրաձեն երրորդ հորիզոնականում էր՝ Սալոմե Զուրաբիշվիլիից և Գրիգոլ Վաշաձեից հետո:

Դավիթ Բաքրաձեն ծնվել է 1972 թվականին: Սովորել է Թբիլիսիի ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ): 1998-2002 թվականներին աշխատել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: Կարճ ժամանակ՝ 2008 թվականին, ղեկավարել է արտաքին գերատեսչությունը, ապա խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել խորհրդարանի խոսնակ:

1-ամյա Դավիթը, 1973 թ.

2004 թվականին պատգամավոր է ընտրվել և դրանից հետո բոլոր ընտրություններում պատգամավորական մանդատ է ստացել: 2008 թվականին հանդիսացել է Միխեիլ Սաակաշվիլիի նախընտրական շտաբի պետ: 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ Բաքրաձեն դեռևս «Միացյալ ազգային շարժման» անդամ էր և կուսակցությունից ներկայացվել էր որպես նախագահի թեկնածու, ընտրությունների արդյունքում զբաղեցրել էր երկրորդ տեղը: Նրա օգտին էր քվեարկել 354 հազար 123 քաղաքացի կամ ընտրողների 21.73 տոկոսը։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում»-ը տրոհվեց: Կուսակցությունից հեռացան մի շարք կարկառուն և անկյունաքարային դեմքեր, այդ թվում նաև Բաքրաձեն էր: Նրանք հիմնեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, մասնակցեցին 2017 թվականի ՏԻՄ ընտրություններին, սակայն որևէ էական հաջողություն չգրանցեցին: Երկրի մասշտաբով նրանք երրորդ տեղում էին: Սակայն Բաքրաձեն միշտ առանձնանում է իր ճանաչելիությամբ: Այսպես, օրինակ, 2018 թվականի մայիսին IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտ) կողմից արված հետազոտության համաձայն, Բաքրաձեն Վրաստանում ամենաընդունելի քաղաքական գործիչն է: Հարցվածների 53 տոկոսը այսպես է ամրագրել իր պատասխանը:

2013 թվականի նախընտրական քարոզարշավ

Ընթացիկ տարվա հուլիսին «Եվորպական Վրաստան»-ը ներկայացրեց իր թեկնածուին: Բաքրաձեի առաջին խոսքերը թեկնածու առաջադրվելուց հետ հետևյալն էր. «Իմ նպատակը որևէ անձի կամ քաղաքական գործչի դեմ պայքարը չէ, այլ այս հուսահատությունն ու աղքատությունը հաղթահարելն է: Վրաստանում վաղվա օրը երբեք հեշտ չի եղել: Մեր նախնիները միշտ մտածել են բարեկեցիկ ապագայի մասին և մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել»:

Իր նախընտրական պայքարում Բաքրաձեն առանձնացնում է հատկապես կենսաթոշակների բարձրացման հարցը: «Այն քաղաքական գործիչը, ով չի խոսում կենսաթոշակների մասին, պետք է հեռանա քաղաքականությունից»,- ասում է նա ու հավելում, որ ընտրվելու դեպքում 5 րոպեում կենսաթոշակները 50 լարիով կավելացնի: Նրա խոսքով, 50 լարիի չափով կենսաթոշակների բարձրացումը իրական է, «քանի որ գիտեմ ինչից գումար կրճատել»:

Բաքրաձեն նաև մեծ ուշադրություն է դարձնում էմիգրանտների խնդիրներին: Նրա խոսքով, բնակչության մի ստվար զանգվածի համար գումարի միակ աղբյուրը արտերկրում աշխատող հարազատների ուղարկած գումարն է։ Բաքրաձեն խոստանում է այնպես անել, որ էմիգրանտները արտերկրում կարողանան օրինական ճանապարհով գործի տեղավորվել: «Մենք կօգնենք նրանց, մինչև Վրաստան վերադառնան»,- պնդում է նա:

«Եվրոպական Վրաստան»-ի թեկնածուն նաև խոստանում է, որ նախագահ ընտրվելու դեպքում նախագահի հիմնադրամի բյուջեի 50 տոկոսը հատկացնել ուսանողներին՝ արտերկրում սովորելու համար:  Նրա կարծիքով, առանց կրթության երկրի զարգացումը հնարավոր չէ և այդ պատճառով մեծ ուշադրություն է դարձնելու կրթությանը:

Բաքրաձեն ծանոթանում է ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին. Ախալքալաք, 2011 թ.

Այս ամենի հետ մեկտեղ Բաքրաձեն պնդում է՝ քաղաքական գործիչը չպետք է անիրականանալի խոստումներ տա: «Երբ խոստումներս չեմ կատարի, չեմ հասկանա մարդկանց խնդիրներն ու չեմ կանգնի նրանց կողքին, գրասենյակից դուրս կգամ ու տուն կգնամ»:

Դավիթ Բաքրաձեի ընտրական համարը 2-ն է: