Ձերբակալվել է ՊԱԾ-ի ղեկավարի նախկին տեղակալը

Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հայտարարության համաձայն՝ Հակակոռուպցիոն գործակալությունը, օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել է ՊԱԾ-ի ղեկավարի նախկին տեղակալ Լևան Ախոբաձեին։
Ախոբաձեն Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղակալն էր։

«Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլին, զբաղեցնելով ՊԱԾ-ի այն ժամանակվա ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղակալի պաշտոնը, նրան հայտնի է դարձել, որ Վրաստան-Ռուսաստան պետական սահմանի Լարսի մաքսակետում մասնավոր ձեռնարկատիրոջից առգրավվել է չհայտարարագրված կանխիկ դրամ՝ 40 միլիոն ռուսական ռուբլի, որը Ազգային բանկի փոխարժեքով կազմում է 1 մլն 164 հազար լարի։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Վրաստանի մաքսային սահմանով 100 հազար լարիից ավելի կանխիկ գումարի տեղափոխումը կամ ներկրումը մաքսային հսկողությունից թաքցնելու, շրջանցելու կամ սխալ հայտարարագրման միջոցով, առաջացնում է տուգանք՝ կանխիկ գումարի արժեքի 10%-ի չափով կամ այդ գույքի անհատույց բռնագրավում։

Հիշյալ ձեռնարկատերը, օրենքով նախատեսված տուգանքը վճարելու և իրեն պատկանող գումարը վերադարձնելու նպատակով, իրավական ընթացակարգերի պահպանմամբ դիմել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության համապատասխան մարմիններին, սակայն գումարի վերադարձի վերաբերյալ մերժում է ստացել։ Դրանից հետո ՊԱԾ-ի ղեկավարի նախկին տեղակալ Լևան Ախոբաձեն միջնորդների միջոցով կապ է հաստատել նրա հետ և խոստացել օգնել առգրավված գումարը վերադարձնելու հարցում։

Բանակցությունների արդյունքում, օրենքով նախատեսված 10%-անոց տուգանքի վճարման ճանապարհով, ձեռնարկատերը 2024 թվականի ապրիլի 30-ին Լարսի մաքսակետում հետ է ստացել առգրավված դրամական միջոցները, ինչից հետո Լևան Ախոբաձեն միջնորդների միջոցով կրկին կապվել է նրա հետ և ցուցաբերած օգնության դիմաց որպես կաշառք պահանջել 500 հազար լարի։ Սակայն, ինչպես պարզվում է ցուցմունքներից մեկից, ՊԱԾ-ի այն ժամանակվա ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի միջամտությամբ պահանջվող գումարը կիսով չափ կրճատվել է, և գումարի վերադարձից մի քանի օր անց այդ անձը Լևան Ախոբաձեին փոխանցելու նպատակով միջնորդին է տվել 250 հազար լարի։

Նաև սահմանվել է, որ որպես կաշառք վճարված գումարը հենց նույն օրը ՊԱԾ-ի ղեկավարի այն ժամանակվա տեղակալին է փոխանցվել իր իսկ աշխատասենյակում»,- նշված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), ինչը նախատեսում է 11-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։ Գերատեսչության փոխանցմամբ՝ գործով քննությունը շարունակվում է այլ մասնակից անձանց բացահայտելու, ապացույցներ հավաքելու և նմանատիպ հանցագործությունները հայտնաբերելու նպատակով։