Ձերբակալվել են պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ և նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի «մտերիմ ազգականը»։
Բարձրաստիճան պաշտոնյաներն են` ՊՆ նախկին նախարարի տեղակալ Գիորգի Խաինդրավան, գնումների բաժնի նախկին ղեկավար Վլադիմեր Ղուդուշաուրին, իսկ «մտերիմ ազգական»-ի ինքնությունը հայտնի չէ։
Երեկ՝ հուլիսի 27-ին, հատուկ ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է Պետական անվտանգության ծառայության վերլուծական գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն։
Նրանք ձերբակալվել են պետական բյուջեից առնվազն 1 մլն 333 հազար 728 լարի հափշտակելու մեղադրանքով։ Ձերբակալվածներին սպառնում է 7-ից 11 տարի ազատազրկում։
Գագնիձեի պարզաբանմամբ` խոսքը վերաբերում է նախարարության համար բժշկական սարքավորումների ձեռքբերման կազմակերպմանը այնպես, որ վճարվի շուկայական գնից շատ ավելի բարձր գին։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու համար։