Ողբերգական իրադարձությունները քաղաքականացնելու ժամանակը չէ. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ կառավարության նիստից առաջ հայտնել է, որ կառավարության աշխատակազմում տեղի է ունենալու հատուկ հանդիպում՝ անչափահասների արդարադատության հարցերով:

«Հանդիպմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների և պետական գործակալությունների ներկայացուցիչներ: Սա կլինի առաջին քայլը, երբ մենք համակարգված կոնկրետ քայլեր կանենք, և կարծում եմ, որ այսօր ժամանակը չէ ողբերգական իրադարձությունները քաղաքականացնելու համար, այսօր եկել է կոնկրետ քայլեր ձեռնարկելու ժամանակը», — ասել է Գախարիան:

Վրաստանի վարչապետն ասել է, որ հանդիպմանը կքննարկվեն իր հետևյալ հրահանգները.

• Ներքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ գործակալության կազմում անչափահասների հետաքննական միջավայր ստեղծելու, անչափահասների հետ աշխատող քննիչների և ղեկավարների մասնագիտացման ապահովման ուղղությամբ և իրականացնի դրանց շարունակական ուսուցումն ու մոնիթորինգը:
• Առողջապահության և կրթության նախարարությունները պետք է անհապաղ սահմանեն համակարգային թերությունները վերացնելու կոնկրետ պլան և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն:
• Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի օրենսդրական տեսակետ երեխաների իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու հնարավորության վերաբերյալ: