Նախագահը պարզաբանել է վիճահարույց օրինագծերին վետո չդնելու պատճառները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է երկու օրենքների փոփոխությունները, որոնցից մեկը կարգավորում է բժշկական ոլորտը, իսկ մյուսը՝ մտավոր իրավունքները։

Զուրաբիշվիլին բացատրել է, թե ինչու վետո չի դրել նշված փոփոխությունների վրա` հավելելով, որ երկուսն էլ, այնուամենայնիվ, հարցեր առաջացնում են։

Փոփոխություններ են ներառված «Առողջության պաշտպանության» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում։ Առաջին դեպքում ավելանում են առողջապահության նախարարության մոնիտորինգային գործառույթները, և քննադատների գնահատմամբ` դրանք ռեպրեսիվ են։ Երկրորդ օրինագծի դեպքում մտավախություն կա, որ վրացական մշակույթի ոլորտում Ռուսաստանի շահերը կամրապնդվեն։

Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ գործոնը, որի համար ինքը չի օգտվել վետոյի իրավունքից, «մարտահրավերներն ու նոր կարիքներն են, որոնց բախվում են երկու ոլորտները»։

«Առողջապահության պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխությունները ծառայում են ոլորտում հնարավոր առողջության և կյանքի ռիսկերի նվազեցմանը ու որակի վերահսկողության բարելավմանը։ Երկու նպատակներն էլ ողջունելի են և հակասական չեն, սակայն ոլորտի վերահսկողության հաճախականությունն ու խստացումը կարող են խոչընդոտել գործունեությանը»,- հավելել է նախագահը։

Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել համագործակցել և՛ նշված գերատեսչությունների, և՛ հասարակության ներկայացուցիչների հետ։