Ռուսական զբոսանավը Բաթումիում է

Ռուսաստանի Սոչի քաղաքից նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը մտել է Վրաստանի Բաթումիի նավահանգիստ։ Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը:

Հիշեցնենք, որ գործակալությունը նավի մասին տեղեկություն էր տարածել նաև երեկ՝ հուլիսի 26-ին:

«INFLOT նավային գործակալության տվյալներով՝ հուլիսի 27-ին Տրապիզոնից Բաթումի ծովային նավահանգիստ պետք է մտնի Պալաուի դրոշի ներքո ընթացող ASTORIA GRANDE զբոսանավը: Նավը պատկանում է թուրքական զբոսաշրջային Miray Cruises International ընկերությանը»,- հայտնել էին գործակալությունից:

Նշենք, որ ASTORIA GRANDE զբոսանավի ժամանումը կոմերցիոն բնույթ է կրում։ Նավի սեփականատերը գրանցված է Սեյշելյան կղզիներում Goodwin Shipping Limited ընկերության անունով և չի ենթարկվում միջազգային պատժամիջոցների։