Մարդու իրավունքների կոմիտեի ամփոփիչ զեկույցը Վրաստանի վերաբերյալ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ամփոփիչ զեկույց է հրապարակել Վրաստանի վերաբերյալ։ 2022 թվականի հուլիսի 5-ին և 6-ին Կոմիտեն 135-րդ նստաշրջանում քննարկել է Վրաստանում առկա խնդիրները և լսել Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչներին։

Զեկույցը հրապարակվել է 2022 թվականի հուլիսի 27-ին, որտեղ ներկայացվում են այն խնդիրները, որոնք դեռևս առկա են Վրաստանում՝ խոսքի ազատության, հավաքների կազմակերպման ազատության, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ ոլորտներում։

Կոմիտեի ամփոփիչ զեկույցում նշված են նաև նախորդ զեկույցից հետո (2014 թ.) Վրաստանի ձեռնարկած դրական քայլերը.

  • Անչափահասների արդարադատության օրենսգիրք (2015),
  • Երեխաների իրավունքների օրենսգիրք (2019),
  • Փոփոխություններ Վրաստանի «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքում, որը սահմանում է ոտնձգությունը, նաև` սեռական ոտնձգությունը (2019 թ.),
  • Մարդու իրավունքների պաշտպանության 2018-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիր (2018 թ.)
  • և այլն։

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել է մի շարք խնդրահարույց հարցերի, որոնց վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է առաջարկներ:

Զեկույցում նշված է բոլոր տեսակի փոքրամասնությունների, նրանց թվում նաև Վրաստանում բնակվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը․

«Պայքարել անհանդուրժողականության, կարծրատիպերի, նախապաշարմունքների և խտրականության դեմ` խոցելի խմբերի, նաև էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ», — նշված է զեկույցի մեջ։