Ընդդիմության 7 անդամ լքել է Բաթումիի սակրեբուլոն

Բաթումիի սակրեբուլոյում «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության 13 անդամներից 7-ը լքել են կուսակցությունը։ Նրանցից բացի, կուսակցությունը լքելու որոշում են կայացրել նաև ՄԱՇ-ի Բաթումիի գրասենյակի այլ ներկայացուցիչներ։

«Այսպես չէր կարող շարունակվել, մենք լքում ենք կուսակցությունը` շարունակելով հավատարիմ մնալ «Վարդերի հեղափոխության» իդեալներին։ Պատրաստվում ենք շարունակել պայքարը օլիգարխիկ ռեժիմի դեմ: ՄԱՇ-ի այն անդամները, որոնք լքում են կուսակցությունը, պայքարի առաջին գծում կկանգնեն: Մեր կյանքի կեսն այս կուսակցությունում է անցել, և մեզ համար սա հեշտ որոշում չէր»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գիորգի Կիրթաձեն։ Նա Բաթումիի քաղաքապետի թեկնածու էր 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում «Ազգային շարժում» կուսակցությունից։

Կիրթաձեն ՄԱՇ-ի շարքերը լքելու որոշումը պատճառաբանել է կուսակցության ներկայիս ղեկավարների հետ անհամաձայնությամբ։ Իր հետագա քաղաքական գործունեության հարցը նա քննարկում է ՄԱՇ նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ. «Նիկա Մելիան կարկառուն և բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ է, առաջիկայում կպատմենք, թե ինչպես ենք շարունակելու մեր քաղաքական պայքարը, և ինչպիսի քաղաքական միավորում է լինելու»:

ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։

Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, սակայն, չնայած դրան, կուսակցությունը լքելու որոշում չի կայացրել:

«Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ անդամ չէ և չի կարող խոսել ՄԱՇ-ի անունից»,- նոյեմբերի 26-ին Մելիայի մասին ասել է Խաբեիշվիլին: