Ընդդիմությունը քննադատում է ԵՄ անդամակցության ուղղությամբ իշխանության քայլերը

Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների և անկախ պատգամավորների մի մասը հայտարարություն է տարածել և նշել, որ Եվրահանձնաժողովի 12 առաջարկությունների կատարումը, թեկնածուի կարգավիճակ ստանալը և այնուհետև Եվրամիության անդամ դառնալը Վրաստանի համար պատմական շանս է։

Ընդդիմության պնդմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ի սկզբանե, առաջարկությունները ստանալուց անմիջապես հետո, դրել է 3 կոնկրետ վերապահում, որոնք սկզբունքորեն հակադրվում են Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացմանը։ Ըստ նրանց՝ այդ վերապահումներն են.

  • Ապաօլիգարխացումը չի ազդի Բիձինա Իվանիշվիլիի վրա, ավելին՝ օլիգարխները որոշ ընդդիմադիր կուսակցությունների և քննադատական ​​լրատվամիջոցների հիմնադիրներն են,
  • «Վրացական երազանքը» չի ճանաչում դատական ​​համակարգում կլանների և քաղաքականացված արդարադատության առկայությունը և դատավարական հարցերը պաշտոնապես լուծելով փորձում է իրականացնել դատարանի հանձնարարականները,
  • «Վրացական երազանքը» նախկինում հրաժարվել է իրականացնել Շառլ Միշելի համաձայնագրով նախատեսված և արդեն համաձայնեցված սահմանադրական փոփոխությունները և ապաբևեռացում է համարում ընդդիմադիր հատվածի և քննադատական ​​լրատվամիջոցների, այդ թվում՝ իշխանության հակաարևմտյան ուղերձների լռեցումը:

Ընդդիմության կարծիքով, միաժամանակ «Վրացական երազանքը» տեղեկատվական գրոհ է ձեռնարկել արևմտամետ ընդդիմադիր սպեկտրի, հասարակական կազմակերպությունների, դեսպանների, ԱՄՆ և ԵՄ կառույցների վրա՝ օգտագործելով ռուսական հիբրիդային պատերազմի մեթոդը:

«Ավելին, իշխող կուսակցության ղեկավարների՝ քաղաքացիներին ուղղված հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ թեկնածուի կարգավիճակ ստանալը կապված է պատերազմին միանալու, այլ ոչ թե Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման հետ…», — ասված է ընդդիմության հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են՝ «Ռազմավարութունն Աղմաշենեբելի», «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Հանրապետական» ​​կուսակցությունները, անկախ պատգամավորներ՝ Թամար Կորձայան, Տակո Չարկվիանին, Արմազ Ախվլեդիանին, Շալվա Շավգուլիձեն, Նատո Չխեիձեն:

Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի թեկնածությանը՝ պայմանները կատարելուց հետո