Ընտրությունների ընթացքն Ախալքալաքի շրջանում. միջադեպեր, ցուցակներ

Ախալքալաքի շրջանում ընտրությունները հիմնականում խաղաղ են ընթանում, սակայն արձանագրվել են որոշ խախտումներ: Մինչ այս պահը միջադեպ է գրանցվել Գումբուրդո գյուղում, ինչն ավարտվել է վիճաբանությամբ և ոստիկանների միջամտությամբ:

Կարծախ գյուղի թիվ 40 ընտրատեղամասի մուտքի մոտ նկատելի էր երիտասարդների կուտակում, ովքեր որոշում էին, թե` ով պետք է գնա (հավանաբար ընտրողներին ընտրատեղամաս բերելու): Խոսքի ընթացքում մի քանի անգամ լսելի եղավ «դու էլ տալոն ունես, դու գնա» արտահայտությունը:

Բացի այդ, գյուղի դպրոցում գտնվող ընտրատեղամասի հարակից սենյակում համարակալված անուններով թղթեր տեսանք:

Ախալքալաքի Կիրովական գյուղում մեր այցելելու պահին ընտրական գործընթացը հանգիստ էր ընթանում: Ինչպես «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հայտնեց «Բազմազգ Վրաստան» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Նադեժդա Գոմարելին, ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել է մեկ միջադեպ.

«Այդ էլ չհասկացանք ինչու: Ընտրողը խցում կատարեց իր ընտրությունը, դուրս եկավ, բոլորին ցույց տվեց և պատռեց քվեաթերթիկը: «5» համարին էր նշել», — ասում է Գոմարելին: