Ժամը 12:00-ի դրությամբ Մառնեուլիում քվեարկել է 18 հազար 356 ընտրող: Մառնեուլիի N22 շրջանային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս փուլում մասնակցությունը կազմում է 18%. աղբյուր՝ Radio Marneuli:
Նշենք, որ ժամը 10:00-ի դրությամբ Մառնեուլիում քվեարկել էր 7336 մարդ: Միևնույն տվյալներով՝ այդ ժամին ընտրողների մասնակցությունը կազմել էր 7.1%։
Ժամը 15:00-ի դրությամբ Մառնեուլիում քվեարկել է 30 հազար 519 ընտրող: Մառնեուլիի N22 շրջանային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս փուլում մասնակցությունը կազմում է 29.93%:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Radio Marneuli-ի լրագրողներից Թիկո Դավաձեն նշում է, որ իրականում կարելի է ասել, որ ընտրությունները ոչ ոք չի դիտարկում.
«Իրականում ոչ ոք չի դիտարկում այս ընտրությունները։ Երբ մենք (նկատի ունի լրագրողներին-հեղ.) մոտենում ենք ընտրատեղամասերին, տեղացիները արդեն կիլոմետրերից տեղեկացվում են, որ լրագրողներ են մոտենում տեղամասերի տարածքին, և այնտեղ անմիջապես գործարկվում է վերահսկողության մեխանիզմ»,-նշում է Դավաձեն:
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։