Վրաստանի խորհրդարանի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօրվա լիագումար նիստի մեկնարկին  մեկ րոպե լռությամբ հարգել են Ուկրաինայում զոհերի հիշատակը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անսպառ է և շարունակական։

«Բարեկամներ, Ռուսաստանի ագրեսիան մեր եղբայր Ուկրաինայի դեմ, ցավոք, շարունակվում է։ Ուկրաինացի ժողովուրդը առանձնահատուկ միասնությամբ, ուժով և խիզախությամբ շարունակում է պայքարել ազատության և անկախության համար։ Ավելի քան 2 ու կես միլիոն մարդ արդեն ստիպված է եղել լքել իր տունն ու հայրենիքը։ Մինչ նիստը սկսելը եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք զոհվածների հիշատակը» — ասել է Պապուաշվիլին։

Վերջինս նաև ընդգծել է, որ նիստին չի մասնակցում Ուկրաինայի դեսպանը, սակայն հրավիրված է դեսպանի պաշտոնակատարը։ Վերջինս խորհրդարան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։