Նախագահը խորհրդարան է ժամանել Ուկրաինայի ներկայացուցչի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր խորհրդարան է ժամանել Թբիլիսիում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանով հետ։

Զուրաբիշվիլին ելույթ է ունենում երկրին վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ։ Խորհրդարանում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ, դիվանագետներ, հոգևոր այրեր։ Նիստին մասնակցում է նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նախագահի ելույթից հետո խոսքը կտրամադրվի քաղաքական կուսակցությունների և խմբակցությունների առաջնորդներին։

Կանոնակարգի համաձայն այսօրվա նիստը կավարտվի նախագահի ամփոփիչ ելույթով։

Ակնկալվում է, որ Զուրաբիշվիլիի ելույթի կարևոր մասը կվերաբերի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաև Վրաստանի դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի բյուրոն օրերս որոշում կայացրեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ամենամյա հաշվետվությունը մարտի 14-ին, ժամը 12:00-ին նշանակելու մասին։