Ընտրություններին արդեն մասնակցել է 255 251 ընտրող

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է ժամը 10:00-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների տվյալները, ըստ որոնց՝ 255 251 ընտրող արդեն մասնակցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

ԿԸՀ ներկայացուցիչ Անա Միքելաձեի խոսքերով, առաջին փուլի նույն ժամի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 215 294 ընտրող:

Ըստ ԿԸՀ-ի, ընտրական հանձնաժողովներում գրանցվել է 10 բողոք: Բացի դրանից, եղել են մի քանի դեպքեր, երբ ընտրատեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը մասնակցել է ընտրողների քվեարկությանը, ինչն արգելված է քվեարկության ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեարկության նախորդ օրը ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 528 հազար 658: Բացվել է 3703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահմանում: Ընտրական գործընթացը մեկնարկել է 08:00-ին, կավարտվի՝ 20:00-ին: Արտասահմանում բացված ընտրատեղամասերում ընտրությունները կշարունակվեն մինչև տեղական ժամանակով 24:00-ն:

Քաղաքացիներն ընտրություն կկատարեն №48 Սալոմե Զուրաբիշվիլիի և №5 Գրիգոլ Վաշաձեի միջև: