«Մի շարք երկրներում քաղաքացիություն չունեցող էթնիկ վրացիներ կան. մենք ակտիվ խորհրդակցություններ ենք անցկացնում և ծրագրում ենք պարզեցնել նրանց համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, եթե ծնողները Վրաստանի քաղաքացի են, ապա երեխայի համար քաղաքացիություն ստանալու որևէ խնդիր չի ծագում. եթե ծնողները Վրաստանի քաղաքացի չեն, ապա նրանց ընտանիքի անդամը, այդ թվում՝ երեխան, ենթակա է հպատակագրման (նատուրալիզացիայի) կանոնին՝ ելնելով քաղաքացիության սկզբունքից։
Վրաստանի օրենսդրության համատեքստում հպատակագրումը (նատուրալիզացիան) այն գործընթացն է, որի միջոցով օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ձեռք է բերում Վրաստանի քաղաքացիություն:
«Այս ուղղությամբ նույնպես հնարավոր է ընթացակարգերի պարզեցում։ Սրա մասին խոսել ենք Արդարադատության նախարարի հետ և ծրագրում ենք մեղմացնել ընթացակարգերը։ Օրինակ՝ տարբեր երկրներում, այդ թվում՝ հարևան երկրներում, կան էթնիկ վրացիներ, որ չունեն քաղաքացիություն, նրանց երեխաները նույնպես ցանկանում են քաղաքացիություն ստանալ, և նրանց մեջ կան մարդիկ, որոնք չգիտեն վրացերեն. նրանց համար ևս կարող են մեղմացվել այս ընթացակարգերը։ Այս հարցով ակտիվ խորհրդակցություններ ենք անցկացնում, և հնարավոր է հասնել որոշման», — ասել է վարչապետը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ մեկ հարց է քաղաքացիության շնորհումը, մեկ այլ հարց՝ բնակչության աճը, քանի որ եթե տվյալ անձը ֆիզիկապես Վրաստանում չէ, չի կարող հաշվառվել բնակչության աճի մեջ։