Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

Վրաց վերլուծաբաններն ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական:

Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Վրաստանն ու Հայաստանը պահպանում են բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունները:

Վասաձեն նշում է, որ հարաբերություններն այն մակարդակին են, որում էլ հենց կարող էին լինել: Նրա խոսքով, երկու երկրներն ամեն ինչ պետք անեն ներկա հարաբերությունները պահպանելու՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին:

«Հուսանք երկու հարևանները կկարողանան նաև միասին տևական խաղաղություն բերել տարածաշրջանին՝ օգտվելով ընձեռնված հնարավությունից, որը ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է:

Մենք տեսնում ենք նաև, որ Վրաստանը ևս ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման գործընթացում. բազմիցս առաջարկել է լինել հարթակ հայ և ադրբեջանցի գործընկերների համար, ինչին արձագանքել են թե հայկական, թե ադրբեջանական կողմերը»,- ասում է Վասաձեն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրաց-հայկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն, ներուժ կա այն ավելի խորացնելու:

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Վրաստանի դերի մասին՝ Զաքարեիշվիլին ասում է, որ Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել, չնայած, որ այս գործընթացում արդեն խառնվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Կոնֆլիկտաբանը նաև նկատում է՝ Վրաստանի դերը կոնֆլիկտի լուծման հարցում մի փոքր ուշացած է, բայց այդուհանդերձ, որոշ դեպքերում կարող է միջամտել, օրինակ՝ ծառայել որպես երկխոսության հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Վրաստանի և Հայաստանի միջև պետք է էլ ավելի զարգանա տնտեսությունը, առևտրային ու տրանսպորտային հարաբերությունները»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նշենք, որ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Թբիլիսյան հանդիպումներում ևս մեկ անգամ վրացի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Հայ և վրացի պաշտոնյաներն ընդգծեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տնտեսությունները զարգացնելու պատրաստակամության մասին։

Վրաստան պաշտոնական այցը Սիմոնյանը սկսեց վրաց գործընկերոջ մասնակցելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ունեացավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, Վրաստան պաշտոնական այցի ավարտին եղավ Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիպեց վիրահայերի հետ:

Այցի ընթացքում երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների և մշակութային հարցերի հանձնաժողովները համագործակցության հուշագրեր ստորագրեցին։