Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է:

Ըստ Սիմոնյանի՝ հայ-վրացական դարավոր պատմությունը հենվում է պատմամշակութային հարուստ ժառանգության վրա: Նրա խոսքով, այդ ամենին ավելանում է նաև երկու երկրների՝ ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը:

«Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք կրթության, մշակույթի, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Անդրադարձանք Վրաստանի հայ համայնքի կյանքի կարևոր հարցերին՝ ընդգծելով համայնքի դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է Սիմոնյանը:

Նա նաև հավել է, որ կարևորվել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հանդիպմանը  ստորագրված հուշագիրը: