Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն օրինակելի են․ Բախտաձե

«Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, իսկ մեր բարիդրացիական ու բարեկամական դարավոր հարաբերություններն օրինակելի են»,-Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ադրբեջանի նախագահը Վրաստանի կառավարության ղեկավարին շնորհակալություն է հայտնել պաշտոնին ստանձնելուց կարճ ժամանակ անց Բաքու այցելելու համար՝ նշելով, որ դա ընդգծում է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները: Հաղորդում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։

«Դարեր շարունակ մեր ժողովուրդները ապրել են բարեկամական և բարիդրացիական մթնոլորտում: Այսօր այս երկու անկախ պետությունների միջև հարաբերություններն ամուր հիմք ունեն: Վրաստանն ու Ադրբեջանը միասին կարևոր ծրագրեր են իրականացնում, որոնք մեծ նշանակություն ունեն Եվրոպայի և Ասիայի մասշտաբով»,-հայտարարել է Ալիևը:

Իր հերթին Վրաստանի վարչապետն ընդգծել է․ «Մեզ համար ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները կարևորն են։ Մենք ամրապնդում ենք մեր բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրել են մեր նախնիները: Այսօր մենք համատեղ նշանակալի ձեռքբերումներ ունենք, այդ թվում էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում»։