Փոքրամասնությունների ուսուցման ծրագրով Վրաստանի բուհերի դիմորդների թիվն այս տարի ավելացել է

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով Վրաստանի բուհերի նախապատրաստական կուրսեր ընդունվածներին թիվն այս տարի ավելացել է։

Այս մասին տեղեկացրել է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին՝ հավելելով, որ 1211 դիմորդ է ընդունվել: Անցյալ տարի նրանց թիվը 1047 էր։ «1+4»-ի դիմորդները հիմնականում ադրբեջանալեզու և հայալեզու դիմորդներ են: Այս տարի միակ օսալեզու դիմորդն ընդունվել է:

«Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի հանդեպ հետաքրքրվածությունն այս տարի զգալիորեն աճել է: Սա շատ լավ միտում է: Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրում գրանցված ուսանողներին՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ մեր համաքաղաքացիներին ի սրտե շնորհավորում եմ»,-հայտարարել է Մայա Միմինոշվիլին:

Վրացերեն լեզվի նախապատրաստական «1+4» ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ տարի սովորել պետական լեզուն, այնուհետև ուսումը շարունակել բուհի բակալավրիատում։