Ֆինանսների փոխնախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ֆինանսների փոխնախարար Լերի Բարնաբիշվիլին հրաժարական է տվել։

Նախարարությունից bm.ge-ին հայտնել են, որ Բարնաբիշվիլին հրաժարական է տվել «անձնական դիմումի հիման վրա»։

«Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կանոնների մասին» Վրաստանի օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերության հիման վրա՝ Լերի Բարնաբիշվիլին ազատվում է Վրաստանի ֆինանսների փոխնախարարի պաշտոնից 2025 թվականի նոյեմբերի 11-ից», — ասված է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրում։

Բարնաբիշվիլին փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի մարտի 5-ին։