Երեկվա օրը համառոտ. ապրիլի 4

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության աշխատակիցները մարտ ամսին, ​​վերահսկողական միջոցառումների արդյունքում, բացահայտել են 13 հազար տուփ չմաքսազերծված ծխախոտի ապօրինի պահպանման և տեղափոխման 120 փաստ։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը։ Լիագումար նիստի ժամանակ կայացած քվեարկությունն ավարտվեց 80 կողմ, 2 դեմ ձայներով։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այցելած բժիշկների խմբի գնահատականը։

«Ոչ ֆեմիցիդին» տեղեկատվական արշավի շրջանակներում Սամցխե-Ջավախեթիի մարզի շրջանային դատախազությունների աշխատակիցները տեղեկատվական հանդիպումներ են անցկացրել բնակչության հետ։

Գիվի Դավիթաշվիլին նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն։

Քվեմո Քարթլիի Մառնեուլիի մունիցիպալիտետը նախատեսում է Շուլավերի գյուղում տեղադրել Վրաստանի դրոշը. քաղաքապետարանն այս նպատակով 125 հազար լարիի մրցույթ է հայտարարել։

«Վրացական երկաթուղին», Զատկի տոնի կապակցությամբ, լրացուցիչ չվերթեր կիրականացնի ապրիլի 13-ին, 14-ին, 15-ին, 17-ին և 18-ին Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի և ապրիլի 14-ին, 15-ին, 17-ին և 18-ին` Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Մակա Բոճորիշվիլին, որ միաժամանակ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն է, քննադատում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին` ասելով, որ նրանք օգտագործում են եվրաինտեգրման հարցը որպես կառավարության դեմ պայքարի գործիք։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»` (ՎԵԻԱ) հիմնվելով հրապարակայնորեն տարածված տեղեկատվության վրա, չի բացառում, որ մարտի 7-9-ի իրադարձությունների գործով կալանավորված Լազարե Գրիգորիադիսի իրավունքները խախտվել են։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը 63 միլիոնանոց էլեկտրոնային մրցույթ է հայտարարել ավտոբուսների կայանման համար հատուկ տարածքի կառուցման նպատակով։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները Ռիկոթիի լեռնանցքում երթևեկության կաթվածահար լինելը կապում են ապրիլի 9-ին նախատեսված հանրահավաքի հետ։

Ասիական զարգացման բանկի (ADB) նոր զեկույցի համաձայն, Վրաստանի տնտեսական աճը գուցեև դանդաղի 2023 թվականին՝ Ռուսաստանից միգրանտների նվազման և ֆինանսական ներհոսքի կրճատման հետևանքով, իսկ ահա 2024 թվականին սպասվում է թեթևակի վերելք:

Վրաստանի կառավարությունը որոշել է ցորենի արտահանման սահմանափակումը ժամանակից շուտ վերացնել: Սահմանափակումը, որը պետք է գործեր մինչև հուլիս, շուտով կհանվի։ Պատճառը գյուղացիների բողոքն է. նրանք չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը։

Վրաստանի Աջարիայի մարզի Շուախևիի մունիցիպալիտետի Չիրուխ լեռան վրա զիփլայնի նախագծային փաստաթղթերի պատրաստման և կառուցման համար Աջարիայի բյուջեից տրամադրվող գումարն ավելացել է 2,7 մլն լարիով։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ աշխատանքներ են տարվում 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ։ Ըստ դեսպանի՝ տարեվերջին կգնահատեն Վրաստանի առաջընթացը, և դեկտեմբերին 27 անդամ երկրները կորոշեն հետագա քայլերը: