Շուլավերիում 50 մետր բարձրության վրա կծածանվի Վրաստանի դրոշը

Լուսանկարը՝ MarneuliFM-ի

Քվեմո Քարթլիի Մառնեուլիի մունիցիպալիտետը նախատեսում է Շուլավերի գյուղում տեղադրել Վրաստանի դրոշը. քաղաքապետարանն այս նպատակով 125 հազար լարիի մրցույթ է հայտարարել։

MarneuliFM-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է դրոշի տեղադրման վայրը և որոշել, որ ընտրված տեղանքը տեսանելի վայրերից մեկն է։ Դրոշը կբարձրացվի Շուլավերի գյուղի նորակառույց եկեղեցու մոտ և տեսանելի կլինի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից եկողներին:

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ դրոշակաձողի բարձրությունը կլինի 50 մետր։ Մառնեուլիի քաղաքապետարանը Շուլավերի գյուղում դրոշի տեղադրման մրցույթ է հայտարարել մարտի 29-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել ապրիլի 14-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։