Ըստ ՄԱՇ-ի` Ռիկոթին փակել են ապրիլի 9-ի հանրահավաքի պատճառով

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները Ռիկոթիի լեռնանցքում երթևեկության կաթվածահար լինելը կապում են ապրիլի 9-ին նախատեսված հանրահավաքի հետ։ Ըստ ՄԱՇ-ի` իշխանությունը չի ցանկանում, որ Արևմտյան Վրաստանում ապրող մարդիկ միանան հանրահավաքին։

«Կառավարության անտարբերության, անզգուշության, կոռուպցիոն շահերի պատճառով նոր ենթակառուցվածքը փաստացի փլուզվում է մեր գլխին, և կառավարությունը թույլ չի տալիս Վրաստանի քաղաքացիներին գալ հանրահավաքի, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Լաշա Փարուլավան։

Հիշեցնենք, որ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելիի խոսքով` դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի Ռիկոթիի լեռնանցքը։ Ըստ Ծերեթելիի՝ Ռիկոթիի ճանապարհին սողանքի ուսումնասիրությունը շարունակվում է, և շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե երբ հնարավոր կլինի բացել ճանապարհը։