Գախարիայի կուսակցությունը միանում է իշխող թիմի նախաձեռնությանը

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիրոգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած գործընթացին՝ կատարելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերը, չնայած այն հանգամանքին, որ նրանց գնահատմամբ, անհայտ են այս գործընթացի իրական նպատակները։

Նշենք, որ «Վրացական երազանքը» հուլիսի 1-ին ներկայացրել է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերի կատարման ծրագիր։

Հուլիսի 6-ին «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ ներկայիս քաղաքական գործընթացները քաղաքական ուժերին կանգնեցրել են փոխզիջումային և պրագմատիկ քայլերի ծայրահեղ անհրաժեշտության առաջ՝ բևեռացման նվազմանը և իրական բարեփոխումների միջոցով ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Ըստ Մեզվրիշվիլիի, այսօր գլխավորը ոչ թե զուգահեռ գործընթացներն են, այլ փոխզիջումը,   որը Ռուսթավելի (խմբ. հանրահավաքի մասնակիցների) եկած տասնյակ հազարավոր քաղաքացիների նպատակն է.

«Այժմ վրաց ժողովրդի անսասան կամքն իրականացնելը քաղաքական գործիչների պարտականությունն է։ Մենք ժամանակ չունենք կորցնելու։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ եթե չունենք միասնության ուժ, դեռ ունենք փոխզիջումների գնալու կարողություն։ Իհարկե, այս գործընթացում առաջնային պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա»:

Նրա խոսքով, թեև «իշխող ուժի նկատմամբ վստահությունը նվազագույն է, սակայն փոխզիջումը քայլ է, որը պետք է կատարեն բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը»։

«Համապատասխանաբար, թեև իշխող ուժի հայտարարած ձևաչափերի շրջանակը դեռևս անհայտ է, դրանց իրական նպատակները պարզ չեն, մենք կմասնակցենք գործընթացին՝ օգտագործելու թեկուզ չնչին հնարավորությունը՝ նպատակներին հասնելու համարը»,- ասել է Մեզվրիշվիլին։

«Վրաստանի համար»-ը հայտարարել է, որ կուսակցության քաղաքական պատասխանատվությունն է մասնակցել նախաձեռնվող բոլոր գործընթացներին, որոնք կհանգեցնեն ապաօլիգարխացմանը և անօրինական կերպով կոնսոլիդացված իշխանության ապամոնտաժմանը։