Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահը, այցելել է Վրաստան։
Հոկտեմբերի 14-ին Վալտոնենը հանդիպել է «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Հանդիպումից հետո նա միացել է խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին և այնտեղ կարճ տեսաուղերձ է ձայնագրել, որը հրապարակել է X հարթակում։
Ուղերձում Էլինա Վալտոնենը նշել է, որ խորհրդարանի շենքի դիմաց հավաքված են երկրի ընթացքով մտահոգված քաղաքացիներ.
«Ես Թբիլիսիում եմ, խորհրդարանի շենքի դիմաց։ Այստեղ տեղի է ունենում խաղաղ ցույց։ Շատ մարդիկ են գալիս՝ ծածանելով Եվրամիության, ՆԱՏՕ-ի և, ակնհայտորեն, նաև Ֆինլանդիայի դրոշները, բայց ամենակարևորը՝ Վրաստանի դրոշը։ Դրա պատճառն այն է, որ այս մարդիկ մտահոգված են այն ընթացքով, որը որդեգրել է այս երկիրը՝ խլելով մարդկանց հիմնարար ազատությունները, սկսած խոսքի և հավաքների ազատությունից։ Ավելորդ է ասել, որ այս մարդիկ արժանի են բոլոր այս իրավունքներին, և մենք այստեղ ենք նրանց աջակցելու համար»։
Արտաքին գործերի նախարարությունում Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Էլինա Վալտոնենն իր խոսքը սկսել է շեշտելով, որ «ԵԱՀԿ-ն գնահատում է Վրաստանի մասնակցությունը Ժնևի միջազգային բանակցություններին և Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմին (IPRM)»։ Դիվանագետը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ մասնակցությունը IPRM-ին, քանի որ այս ձևաչափը հնարավորություն է տալիս լուծելու որոշակի խնդիրներ։ Նա կոչ է արել «Վրացական երազանք»-ի կառավարությանը ներգրավել քաղաքացիական հասարակությանը հակամարտության կարգավորմանն առնչվող բոլոր քննարկումներին։
Դրանից հետո Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Վրաստանի ներքին իրավիճակին և նշել, որ Բոճորիշվիլիին է փոխանցել ԵԱՀԿ անդամ պետությունների և ԵԱՀԿ ինստիտուտների «լուրջ մտահոգությունը» Վրաստանում առկա իրավիճակի վերաբերյալ։