Ֆրանսիայի Ազգային ժողովի Եվրոպական հարցերով հանձնաժողովը միաձայն հաստատել է Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը դատապարտում է «Վրացական երազանք»-ի կառավարության ավտորիտար շեղումը, հիմնարար իրավունքների խախտումը, խոսքի և ցույցերի ազատության սահմանափակումը և խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառումը։
Բանաձևը կոչ է արել եվրոպական կառույցներին անդամակցության բանակցությունների մեկնարկը պայմանավորել ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ։
Բանաձևը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը` աջակցել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընկերների դեմ պատժամիջոցներին, քննարկել Իվանիշվիլիին Պատվո լեգեոնից զրկելու հարցը, պահանջել բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը և աջակցել Վրաստանում գործող ՀԿ-ներին և անկախ լրատվամիջոցներին։
«Ֆրանսիայի Ազգային ժողովի Եվրոպական հարցերով հանձնաժողովում բանաձևի պատրաստումն ավարտվել է, որը վերաբերում է Վրաստանի ոչ լիբերալ և ավտորիտար կառավարությանը, սեփական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների լյուստրացիային և Վրաստանի եվրոպական ապագայի աջակցությանը։ Բանաձևն ընդունվել է միաձայն», — գրել է Ֆրանսիայում բնակվող վրացի արտագաղթյալ Թամարա Դեմուրիան։
Բանաձևի նախագծի քննարկումը կշարունակվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։