Գեդևան Փոփխաձեն հացադուլ է հայտարարել

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գեդևան Փոփխաձեն երեկ՝ հոկտեմբերի 28-ին, հացադուլ է հայտարարել չորս ակտիվիստների հետ միասին։ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն», — սա է նրանց պահանջը։

Փոփխաձեն ներկայումս «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից մեկն է։ Նրա թիմի մյուս առաջնորդները՝ Նիկա Մելիան, Նիկա Գվարամիան, Էլենե Խոշտարիան և Զուրաբ Ջափարիձեն, բանտում են։

Գեդևան Փոփխաձեն ասել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել հացադուլների միջոցով բողոքի ձևը. «Փաստ է, որ ամեն օր ցուցարարներ են ձերբակալվում։ Երկիրը մեծ քայլեր է անում դեպի բռնապետություն։ Այս գործընթացը կասեցնող միակ բանը բողոքի նոր ձևն է»։

«Այն ամենին, ինչ անում է կառավարությունը՝ Ռուսթավելիի պողոտան փակելու պատճառով, մենք պետք է հակադարձենք բողոքի նոր ձևով։ Սա արմատապես նոր ձև չէ, բայց արդյունավետ է», — լրագրողներին ասել է նա։