Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ 

Ըստ տեղեկության՝ հանդիպմանը կարևորվել են երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հաջողությունը, Սև ծով-Կասպից ծով տրանսպորտային երթուղին, Պարսից ծոց-Սև ծով միջանցքը և կանաչ նավահանգիստները: 

Նշվել է, որ երկրների համակարգված համագործակցությունը հեշտացնում է Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքում բեռների ներգրավման գործընթացը, ինչը, ի վերջո, դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա։ 

«Հանդիպմանն ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի զարգացման և երկարաժամկետ բարգավաճման համար։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլն։ Դրան է ծառայում վարչապետի խաղաղ նախաձեռնությունը, որը նախատեսում է երկխոսության ձևաչափի ստեղծում և համագործակցություն Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ազդեցությանը տարածաշրջանի անվտանգության իրավիճակի վրա։  

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Համատովը, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը և փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։