«Վրացական երազանք»-ի ստեղծած քննչական հանձնաժողով չներկայանալու պատճառով Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի համար 50 հազար լարի գրավ է սահմանել։
Գիորգի Վաշաձեին, ինչպես ընդդիմության մյուս առաջնորդներին, «Վրացական երազանք»-ի խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին հրավիրել էր նույն կուսակցության պատգամավոր ու հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին: Նա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է։
Ընդդիմության առաջնորդներից նիստին ներկայացել է միայն Գիորգի Գախարիան («Վրաստանի համար» կուսակցության առաջնորդը), իսկ ընդդիմության մյուս առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել նիստերին չներկայանալու համար։
Նիստին չներկայանալու համար արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց գրավ է կիրառվել Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի («Ուժեղ Վրաստան» կուսակցություն) նկատմամբ` յուրաքանչյուրին 50 հազարական լարի գրավ։ «Միացյալ ազգային շարժման» կառավարության տարիներին պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ սահմանվել է 20 հազար լարի գրավ, և նրան արգելվել է լքել երկիրը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրա Ջափարիձեի նկատմամբ՝ 20 հազար լարի, իսկ Գիվի Թարգամաձեի նկատմամբ` 10 հազար լարի, ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի նկատմամբ՝ 30 հազար լարի:
Այս ընդդիմադիրների դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 349 հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը»։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճռի» կայացումը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:
Մարտի 27-ին «Վրացական երազանք»-ն ընդլայնեց հանձնաժողովի լիազորությունները, և վերջինս այլևս չսահմանափակվեց ՄԱՇ-ի խնդրի քննարկմամբ։ Որոշվեց, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է մինչև 2024 թվականը ներառյալ իրադարձությունները: