Սարկավագ Մամալաձեն վաղաժամկետ ազատ է արձակվել

Սարկավագ Գիորգի Մամալաձեն 7 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել: Նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն, ըստ փաստաբանների, սարկավագին վաղաժամկետ ազատ են արձակել։

Մամալաձեն շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած մարդկանց ու կազմակերպություններին։

Ի դեպ, Մամալաձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2017 թվականի սեպտեմբերին։ 2019 թվականի փետրվարի 22-ից Մամալաձեն գտնվում է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության N18 բուժհաստատությունում։ Կաթվածահարվել են նրա աջակողմյա վերին և ստորին վերջույթները, և Մամալաձեն չի կարող ինքնուրույն շարժվել։ Մամալաձեն Ղուդուշաուրիի կլինիկա էր տեղափոխվել 2019 թվականի փետրվարի 15-ին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Բժշկական խորհուրդն ախտորոշել է դիսոցիատիվ շարժումային խանգարում:

Մամալաձեն Վրաստանի դատախազության կողմից ձերբակալվել է 2017 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում. նա մեկնում էր Բեռլին, որտեղ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդին վիրահատում էին։ Դատախազության տվյալներով, սարկավագի ուղեբեռի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գաղտնի պահված թունավոր նյութ՝ նատրիումի ցիանիդ։

Դատախազության տվյալներով, այս գործով հետաքննությունը սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին՝ լրագրող Իրակլի Մամալաձեի հայտարարության հիման վրա: Ավելի ուշ դատախազությունը պարզաբանել է, որ սարկավագ Գիորգի Մամալաձեն ծրագրում էր սպանել կաթողիկոս պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլիին։

2017 թվականի փետրվարի 12-ին Վրաստանի դատախազության միջնորդության հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Մամալաձեն դատապարտվել է ազատազրկման։

Մամալաձեին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 18-108 (սպանության նախապատրաստություն) և 236 (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու) հոդվածներով, որոնք նախատեսում էին 7-15 տարվա ազատազրկում։ Ավելի ուշ դատախազությունը խստացրել է Մամալաձեի մեղադրանքը, մասնավորապես` մեղադրանք է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքի 18-109-րդ հոդվածի «գ» ենթակետով (դիտավորյալ սպանության նախապատրաստում), որը նախատեսում է ազատազրկում 16-ից 20 տարի ժամկետով։

Ի վերջո, դատարանը կրկին վերաորակել է 18-108 հոդվածը և սարկավագին մեղավոր է ճանաչել սպանություն նախապատրաստելու համար։ Ինքը՝ Մամալաձեն, մեղքը չի ընդունում. նրա խոսքով` Թեթրուաշվիլին է խնդրել ցիանիդ գնել։

Մամալաձեի գործով դատական ​​նիստը փակ է ընթացել, փաստաբանները ստորագրել են չբացահայտման պայմանագիր, ինչի պատճառով գործի նյութերը հանրությանը հայտնի չեն։

Բաթումիի և Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրի Շիոլաշվիլին, որի հոգևոր որդին էր Մամալաձեն, կարծում է, որ սարկավագը որոշ չափով մեղավոր է, բայց ցիանիդի գնման հետ կապված բազմաթիվ հարցեր կան դատախազությանը։