Ռուսական ալյուրի ներկրման պատճառով վրացական արտադրությունը կանգ է առել. Սիլագավա

Ռուսաստանի ձեռնարկած մաքսային հարկի սահմանումից հետո Վրաստանում ալրաղաց գործարանները ստիպված եղան երկրորդ անգամ դադարեցնել իրենց աշխատանքը. պատճառը կրկին ցորենի ու ալյուրի մաքսատուրքի անհավասար միջավայրն է, BusinessPressNews-ին ասել է Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան:

Սիլագավան ընդգծել է՝ ներկա իրավիճակը վտանգ է ներկայացնում ոչ միայն ալրաղացների, այլև ողջ արտադրական շղթայի համար։

«Ռուսաստանում ցորենը շատ էժան է, նրանք տեղում աղում են և աղացած մատակարարում: Հետևաբար, այսօր դա մարտահրավեր է։ Սա մեծ խնդիր է ստեղծել նաև ֆերմերների համար։ Ալրաղացներն այլևս չեն կարողանում ցորեն հավաքել, մեր աշխատանքն ուղղակիորեն դադարեցվել է, քանի որ չենք կարող մրցել արհեստականորեն իջեցված գնի հետ»,- ասել է Սիլագավան։

Ըստ Սիլագավայի՝ մինչ ցորենի մաքսային հարկի ներդրումը Վրաստանում ռուսական ալյուրի ներմուծումը կազմում էր ընդամենը 2 տոկոս, իսկ այսօր` գերազանցում է 60 տոկոսը։

«Ալյուրի ներմուծման տեմպերով մենք Ռուսաստանի համար առաջին տեղում ենք։ Թուրքիան նույնպես ցուցակում է, բայց մեր և նրանց տարբերությունն այն է, որ անցյալ տարի Վրաստանը ներկրել է 200 հազար տոննա ալյուր, ինչը կազմում է մեր սպառման մոտ 60 տոկոսը, մինչդեռ Թուրքիան ներմուծել է 78 հազար տոննա ալյուր, որը Թուրքիայի ընդհանուր սպառման 1 տոկոսն է կազմում։  Ուստի ռիսկերը մեզ համար անսահման մեծ են. սա կրկին արհեստական ​​մարտահրավեր է»,- ասել է Սիլագավան։