Գիորգի Վաշաձեն դուրս է եկել կալանավայրից

«Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն դուրս է եկել կալանավայրից։ Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկի մոտ նրան դիմավորել են ընտանիքի անդամներն ու ընկերները։

«Շատ մարտական և լավատեսորեն եմ տրամադրված։ Մենք ուզում ենք ապրել արդար երկրում, որն առաջ է գնում և գտնվում է զարգացած երկրների շարքում, հանդիսանում է Եվրամիության արժանապատիվ անդամ։ Ուզում եմ, որ ապրենք այնպիսի երկրում, որտեղ մարդկանց չեն ձերբակալի տարբերվող կարծիք ունենալու համար։ Ճիշտն ասած, բարդ 7 ամիս էր, հատկապես երբ բաժանվում ես ընտանիքից ու երեխաներից, բայց հավատն առ այն, որ մենք հաղթելու ենք, այնքան ուժեղ է, որ ոչ մի օր ինձ համար դժվար չի եղել», — ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասել է Գիորգի Վաշաձեն։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր նամակներ են գրել իրեն բանտում գտնվելու ժամանակ, այդ թվում՝ վտարանդիներին, և իր հարգանքն է հայտնել  քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2025 թվականի հունիսի 24-ին «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեին մեղավոր էր ճանաչել «Վրացական երազանքի»-ի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելու համար և դատապարտել 7 ամիս ազատազրկման։ Նրան նաև 2 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։

Վաշաձեին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ, նաև պաշտոն զբաղեցնելու կամ պետական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ։

Դատարանը որպես խափանման միջոց սահմանել էր նաև 50 հազար լարի գրավ, որը Վաշաձեն վճարել էր օրենքով սահմանված ժամկետում։