«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիին (մայիսի 28-ին նա հրաժարական տվեց) ծառայության համար և ասել, որ հասկանում է այդքան տարիներ ծառայելուց հետո հրաժարական տալու որոշումը: Կոբախիձեն խոսել է նաև նախկին նախարարի հետ ձեռք բերված համաձայնության մասին։
«Մենք համաձայնության եկանք և խոստացանք, որ անհրաժեշտության դեպքում նա կվերադառնա պետական ծառայության և կրկին կկանգնի երկրին ծառայելու, մեր երկրի հասարակական անվտանգությանը ծառայելու առաջնագծում, և դրա համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պարոն Վախթանգին», — ասել է Կոբախիձեն՝ ներկայացնելով նոր նախարար Գելա Գելաձեին։
Գոմելաուրին նույնպես հրաժարականից հետո իր առաջին հայտարարությունն է արել այս հանդիպման ժամանակ։ Կոբախիձեին շնորհակալություն հայտնելուց հետո նա ասել է. «Տասը տարին քիչ չէ, անվտանգության ծառայության ղեկավարումը շատ դժվար գործ է, հատկապես վերջին շրջանում՝ հաշվի առնելով անվտանգության ծառայությունում իմ աշխատանքի ընթացքում և, իհարկե, ՆԳՆ-ում իմ աշխատանքի ընթացքում կատարված իրադարձությունները, որոնց մասին նշեց վարչապետը։ Ռուսթավելիում մենք նման պայքար չենք մղել 90-ական թվականներից ի վեր, մենք իսկապես դիմացանք և պահպանեցինք ինքնիշխանությունն ու պետությունը»։
2024 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանում ամեն օր անցկացվում են եվրոպամետ հանրահավաքներ: Զանգվածային հանրահավաքները պայմանավորված էին «Վրացական երազանք»-ի կայացրած որոշմամբ, որի համաձայն՝ Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը օրակարգ չի ներառվի մինչև 2028 թվականը։
Բողոքի ցույցերի սկսվելուց հետո «Վրացական երազանք»-ը խստացրեց ցույցերի սահմանափակման օրենքները՝ արգելելով լազերների և դիմակների օգտագործումը հավաքների ժամանակ, ավելացրեց ճանապարհները փակելու և ոստիկանության հրամաններին չենթարկվելու համար տուգանքները, նաև վարչական կալանքի ժամկետը 15-ից դարձրեց մինչև 60 օր։
Ոստիկանական ուժերը ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և ֆիզիկական ուժ։
Մարդու իրավունքների պաշտպանները ոստիկանության կիրառած բռնությունները, ցուցարարների ծեծը խոշտանգում են որակել։ Դաժան ծեծի ենթարկվածների և վիրավորների թվում կան լրագրողներ։ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս բռնության որևէ դրվագում չի բացահայտել մեղավոր անձանց։
Ավելի քան 400 մարդ արդեն դատապարտվել է վարչական իրավունքի համաձայն։ Նրանց մեծ մասը ծեծի է ենթարկվել։ Ավելի քան 50 մարդ կալանավորվել է քրեական իրավունքի համաձայն։ Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն վեց ամիս։
Գոմելաուրին շնորհավորել է Գելա Գելաձեին ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։
Գոմելաուրին մայիսի 28-ին հրաժարական տվեց ՆԳ նախարարի պաշտոնից։ Նա նաև փոխվարչապետ էր 2024 թվականի դեկտեմբերից։ Գոմելաուրիի խոսքով, ինքը որոշել է ավելի շատ ժամանակ նվիրել իր ընտանիքին։
Գոմելաուրիին պատժամիջոցների են ենթարկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն՝ մարդու իրավունքների խախտումների և խաղաղ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների համար։
Գելաձեն երկու ամիս առաջ նշանակվել էր Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ և համակարգում աշխատում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կառավարության ժամանակներից։