Գորիում վթարից տուժած երեխային կվիրահատեն. 2-րդ երեխայի վիրահատությունը հաջող է անցել

Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած 14-ամյա Միհրան Միրիջանյանը շարունակում է մնալ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: 

Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Հիշեցնենք՝ նրա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել է, այս պահին պլանային բուժում է ստանում:

ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն Ալիքին փոխանցեց, որ երկու երեխան էլ այս պահին տեղափոխվել են վնասվածքաբանության բաժին: Միհրանը, ով Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, արդեն գիտակցության է, շնչում է ինքնուրույն և երկու օր անց վիրահատվելու է:

Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից:

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում Արթուր Միրիջանյանը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով 3 հոգի՝ մեկ կին ու երկու երեխա տեղում մահացել էին, վարորդն ու ևս 4 ուղևորները տեղափոխվել էին Թբիլիսիի ու Գորիի բժշկական կենտրոններ: