«Գործակալների օրենք»-ի հակառակորդ Օկմելաշվիլիի դատավճիռը չփոխվեց

Ապրիլի 28-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «գործակալների օրենք»-ի հակառակորդ և 2024 թվականի մայիսին իր տանը ձերբակալված ցուցարար Գիորգի Օկմելաշվիլիի նկատմամբ քաղաքային դատարանի 5 տարվա ազատազրկման դատավճիռը:

Որոշումը ապրիլի 28-ին հրապարակել է Վերաքննիչ դատարանի դատավոր Գիորգի Կերատիշվիլին։ Նա Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր է 2022 թվականից։ 2019 թվականից նշանակվել է ցմահ դատավոր։

Օկմելաշվիլիի փաստաբան Կոբա Բարամիան հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են Գերագույն դատարան, իսկ հետո նախատեսում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (Ստրասբուրգի դատարան):

«Լիմոնի» գովազդային ընկերության հիմնադիր Օկմելաշվիլիին փետրվարի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Նա սկզբում մնացել է Գլդանիի բանտում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Քսանիի բանտ` փակ տիպի հաստատություն առանց ընտանիքին տեղեկացնելու։

Օկմելաշվիլին ձերբակալվել է իր տանը 2024 թվականի մայիսի 15-ին և մեղադրվել է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Լիտվայի կառավարությունը վիզային պատժամիջոցներ է կիրառել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր, Օկմելաշվիլիին 5 տարվա ազատազրկման դատապարտած Գեորգի Գելաշվիլիի նկատմամբ։ Գելաշվիլին նաև Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիի դատավորն էր. Բաչիաշվիլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման «կրիպտոարժույթի գործով»։

Օկմելաշվիլին 2024 թվականի բողոքի ցույցերի ալիքի ժամանակ ձերբակալվածներից մեկն է, և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պնդում են, որ դատարանը դիտավորյալ հետաձգում էր նրա գործի լսումը։

Մասնավորապես, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն և այլք ենթադրեցին, որ ուշացումը կապված է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետի ավարտի հետ, որպեսզի նա չկարողանա ներում շնորհել «գործակալների օրենք»-ի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։