Մանիֆեստ. Վրաստանում ժողովրդական շարժում է ստեղծվում

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Խորհրդարանի դիմաց ժամեր առաջ մեկնարկած «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան ցույցի կազմակերպիչները, այնուհետև հավաքվելով բեմում՝ հայտարարեցին մանիֆեստ։

Ակտիվիստներն ասել են, որ ցանկանում են ստեղծել ժողովրդական շարժման ազգային խորհուրդ, որտեղ կներգրավվեն հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ ներկայացուցչիչները և, առհասարակ, բոլոր քաղաքացիները:

Կից ներկայացնում ենք հանրահավաքի ժամանակ հնչեցված հիմնական ուղերձները՝

  • «Նոր ժողովրդական շարժում ենք սկսում՝ դեպի Եվրոպա»։
  • «ԵՄ անդամագրվելուն մի բան է խանգարում ՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին»։
  • «Պահանջների չիրականացման դեպքում Վրաստանի բոլոր շրջաններից կհամախմբվեն ու անհնազանդություններ կդրսևորեն»։

Հանրահավաքի ավարտին, մասնակիցները նշեցին, որ հունիսի 24-ին կրկին կհավաքվեն ցույց տալու իրենց դիրքորոշումը՝ կապված եվրաինտեգրման և եվրոպական ուղի ընտրելու հետ։ Ցույցը փակվեց Եվրոպայի պաշտոնական հիմնով։

Հանրահավաքին մասնակցեցին քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Ի դեպ, հունիսի 20-ին լրանում է «Գավրիլովի գիշերվա» 3 տարին, սա ևս նկատի առնելով, հենց այսօր «Ամոթ է» («սիրցխվիլիա») քաղաքացիական շարժումը նախաձեռնեց հանրահավաք՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Վրաստանի ցանկությունը անդամակցել եվրամիությանը՝ հաշվի առնելով նաև, որ հունիսի 24-ին ԵՄ-ն կկայացնի իր վերջնական որոշումը կապված Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու հետ։