«Գրավը վճարեն, Մելիային ազատեն». վարչապետը՝ ընդդիմության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման գործին, ինչպես նաև խոսել նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ կայացած հանդիպումից:

«Ես ասել եմ, որ մենք չենք միջամտի օրենքի իրագործմանը: Պարոն Մելիան, նրա կուսակցությունն ու ընտանիքը մեծ հնարավորություն ունեն վճարելու այդ գրավը: Այսպիսով, բանտից կազատեն Մելիային՝ ցանկացած պահի»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահի նստավայրում ԵԽ միջնորդությամբ ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հանդիպում է անցկացվել: Հանդիպմանն, ի դեպ, Վրաստանի նախագահը չի մասնակցել:  Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշելը հանդես է  եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նա հպարտ է, որովհետև ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է արվել: Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվել են, սակայն կարևոր է, որ բոլոր կուսակցությունները կողմ են քաղաքական երկխոսության ուժեղացմանը: