GYLA-ն հաղթել է Գավրիլովի գիշերվա գործը

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) հաղթել է 2019 թվականի հունիսի 20-21-ը տեղի ունեցած, այսպես կոչված, Գավրիլովի գիշերվա գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ Որոշումը կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, տեղեկացրել է GYLA-ն:

2019 թվականի հունիսին, երբ Վրաստանում տեղի ունեցավ Ուղղափառության միջազգային ասամբլեայի նստաշրջանը, խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցրեց ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Այս փաստին հետևեց հասարակական ընդվզումը, և հազարավոր մարդիկ հավաքվեցին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ։ Այնուհետև իրավապահները հանրահավաքի մասնակիցներին ուժով ցրեցին։

2019 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում և դրա հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, տուժեց 240 մարդ։ Նրանց թվում՝ ավելի քան 30 լրագրող։ Ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներից երկու մարդ կորցրեց աչքը։ Հանրահավաքի ևս մի քանի մասնակիցներ լուրջ վնասվածքներ ստացան աչքերի և գլխի շրջանում։ Մոտ 80 իրավապահ տեղափոխվեց կլինիկա։

Գավրիլովի Վրաստանում գտնվելու ընթացքում ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի նախագահն էր, իսկ Գիորգի Գախարիան՝ ներքին գործերի նախարարը։ Գախարիան «Վրացական երազանք»-ից հեռացել է 2021 թվականին և հիմնել ընդդիմադիր կուսակցություն։