Պատրիարքը չեղարկում է իր գահակալության 45-ամյակին նվիրված հանդիսությունները

Վրաստանի պատրիարքարանը հայտարարում է, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի գահակալության, ինչպես նաև ծննդյան հոբելյանական լայնածավալ տոնակատարություն չի լինելու։

«Հաշվի առնելով Ուկրաինայում և աշխարհում տիրող ծանր իրավիճակը՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի գահակալության և ծննդյան տարեդարձի միջոցառումները կանցկացվեն սահմանափակ ռեժիմով»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ պատրիարքարանը այս օրերին եկեղեցիների առաջնորդներին և մյուս պատվավոր հոգևոր անձանց Վրաստան հրավիրել չի նախատեսում։

Նշենք, որ այս տարվա դեկտեմբերի վերջին լրանում է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահակալության 45-ամյակը, իսկ 2023 թվականի հունվարի 4-ին նա կդառնա 90 տարեկան։