«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ

«ՁԵՌՔԵՐ-ԳԵՏԵՐ» ՎԵՊԸ ԱՆՑՅԱԼԻՑ՝ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՐՁ

Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ ռուսալեզու ստեղծագործող Լիանա Շահվերդյանի «Ձեռքեր-գետեր» վեպի եւ «Արեւի երազները» ժողովածուի շնորհանդեսը։

Ծնունդով թբիլիսցի, Թբիլիսիի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ Լիանա Շահվերդյանը ժամանակին դասավանդել է Թբիլիսիում եւ Մոսկվայում, ներկայումս ապրում է Երեւանում։

«Ձեռքեր-գետեր» վեպը հեղինակի լավագույն ստեղծագործություններից մեկն է, այն ընթերցողին պատկերում է ոչ միայն մեկ ընտանիքի պատմությունը, այլեւ նախորդ դարի սկզբներին ծավալվող իրադարձությունները, Հայաստանի ձեւավորման բարդ գործընթացը։  Գրքում հեղինակը բավական հստակեցված ձեւաչափով պատմում է Դանուշ Շահվերդյան քաղաքագետի, մշակութային գործչի եւ ընտանիքի ողբերգական ճակատագրի մասին, մարդու, ով աշխատանքի առումով շփում է ունեցել պատմական իրական անձանց՝ Գիորգի Գուրջիեւի, Իոսեբ Ստալինի, Անաստաս Միկոյանի եւ ուրիշների հետ։

ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻԻ ԵՎ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետական լիազոր-նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, առաջին փոխնահանգապետ Դավիթ Վարդիաշվիլին, Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետեր Մելքոն Մակարյանը եւ Անի Մոսոյանը, երկրամասային վարչության ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկու մունիցիպալիտետների քաղաքապետարանների ենթակառույցային ծառայության աշխատակիցների հետ, ծանոթացան ընթացիկ ենթակառույցային նախագծերին:

Նինոծմինդայում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, «Նորացված տարածաշրջաններ» ծրագրի շրջանակներում, ավարտվեց «Հայոս-Քարթլոս» զբոսայգու վերանորոգումը, ընթացքի մեջ է այդ ծրագրով քաղաքի Ազատության փողոցի վրա գտնվող զբոսայգու բարեկարգումը: Նինոծմինդայում ակտիվ ընթանում են, Վրաստանի տարածաշրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամից ֆինանսավորվող, առանձին փողոցների վերանորոգումը, ավարտվել է նույն հիմնադրամից ֆինանսավորված Մեծ եւ Փոքր Արագյալ գյուղեր տանող ճանապարհը:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անի Մոսոյանը հանրությանը
ներկայացրեց քաղաքապետարանի գործունեության 2022 թվականի հաշվետվությունը:

ՖԻՆԱՆՍԱ-ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ըստ քաղաքապետարանի հաշվետության, մունիցիպալիտետի բյուջեի եկամտային մասը տարվա ընթացքում կատարվել է, ընդորում, գույքահարկը գերակատարվել է՝ կազմելով 102 տոկոս: Լրիվությամբ կատարվել են նաեւ պետական բյուջեից ստացվելիք գումարի եւ բյուջեի ծախսերի պլանները:

Հաշվետու ժամանակահատվածում մունիցիպալիտետի սակրեբուլոյի ֆինանսավորումը կազմել է 732,7 հազար լարի, քաղաքապետարանինը՝ 2117,8 հազար լարի: Գյուղական ծրագրով նախատեսված նախագծերի համար ծախսվել է 436 հազար լարի: